Մարատ Ջանվելյան. «Հեռու չէ այն օրը, երբ ապրելու ենք իմ երազած ծաղկուն Հայաստանում»

“Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ-ն Հայաստանի անկախության տարիներին առաջիններից էր, որ սկսեց հայրենական արտադրությունը։ Ընկերությունը հիմնադրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում թռչնաբուծության ոլորտը ոչնչացվել էր։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1997-98թթ. Մարատ Ջանվելյանը, ով շուրջ 35 տարի աշխատել էր թռչնաբուծության, անասնաբուծության ոլորտում, հիմնադրեց “Արզնի” ընկերությունը, որն արդեն երկար տարիներ է՝ շնորհիվ իր բարձրակարգ արտադրանքի, իր ուրույն տեղն ունի հայաստանյան շուկայում։ Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը “Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի հետ։

-Պարո՛ն Ջանվելյան, խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս է հիմնադրվել “Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ-ն։

-Ընկերությունը հիմնադրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում թռչնաբուծության ոլորտը ոչնչացել էր և տարեկան շուրջ 240 մլն ձու էր ներկրվում երկիր։ Ներմուծված ձվերի որակի մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանզի դրանք հին էին և սարսափելի ազդեցություն էին թողնում մարդկանց առողջության վրա։ Խորհրդային տարիներին լինելով թռչնաբուծության մասնագետ, ղեկավարելով Խորհրդային Հայաստանի խոշորագույն թռչնաֆաբրիկաները՝ որոնց թվում Սովետաշենի և Բարձրաշենի, մտածեցի, որ Հայաստանում պետք է վերականգնել թռչնաբուծության ոլորտը։

Պետք է նշեմ, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում թռչնաբուծությունը տնտեսության առաջատար ճյուղ էր և ուներ տնտեսական բարձր ցուցանիշներ։ Իմ ղեկավարման տարիներին Բարձրաշենի թռչնաֆաբրիկան իր բարձրորակ արտադրանքի համար արժանացել է Խորհրդային Միության կենտրոնական կոմիտեի նախարարների խորհրդի փոխանցիկ կարմիր դրոշի, իսկ այդ ժամանակների համար դա մեծ ձեռքբերում էր։

Հետագայում, երբ արցախյան պատերազմը ավարտվեց, մասնակցում էի Կոթի ինքնապաշտպանական ջոկատների գործողություններին և ինձ մի քանի տարով Հայաստանից արտաքսեցին Տվերի մարզ, այնուհետև 1996 թվականին հետ վերադարձա։ Արզնին աղբանոց էր դարձել, նույն իրավիճակում էր նաև Արմավիրի թռչնաֆաբրիկան։ Սկսեցինք հենց այդտեղից, աստիճանաբար վերականգնելով ֆաբրիկայի գործունեությունը, արտադրության ծավալներն ավելացնելով ստեղծեցինք մեր ընկերությունը, որն այժմ զբաղվում է ոչ միայն թռչնաբուծությամբ, այլ նաև տավարաբուծությամբ ու խոզաբուծությամբ։

Արդեն 2006 թվականին “Արզնի”-ն ողջ տարածաշրջանում ամենախոշոր և բարձր ցուցանիշներ ունեցող ընկերությունն էր, ինչի մասին ոչ թե ես եմ վկայում, այլ արտերկրից ժամանած մասնագետները։

Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման պայմաններում կարելի է ունենալ 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կամ կես միլիոն ածան հավ։ Իսկապես մենք շատ դժվարություններ կարողացանք հաղթահարել, իսկ հետագայում գնեցինք Արմավիրի Եղեգնուտ գյուղի ևս մի ավերակ հողատարածք, որը 20-30 տարիներ չէր օգտագործվել։ Բուծման նպատակով ներմուծեցինք արտասահմանյան բարձր արտադրողականություն ունեցող տավարի ցեղատեսակներ, որոնք ունեն մթերատվության բարձր ցուցանիշներ, որոնց արտադրանքը այժմ վաճառում ենք նաևհարևան Վրաստանին։

Պետք է ասեմ, որ տնտեսական ճգնաժամի և մեր երկրի իրավիճակից ելնելով՝ ընկերությունը մշտապես անլուծելի թվացող տարբեր խնդիրներ ու խոչընդոտներ է հաղթահարել։

-Երկար տարիներ է՝ “Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա” ԲԲԸ-ն հայաստանյան շուկային ձու է մատակարարում։ Խնդրում եմ նկարագրեք, թե ի՞նչ իրավիճակ է այժմ ձվի շուկայում, արդյո՞ք սպասվում է ձվի գնի իջեցում։

-Պետք է ասեմ, որ Հայաստանում ձու արտադրելը, հատկապես վերջին շրջանում, անեկամտաբեր է դարձել, քանզի ձուն վաճառում ենք ինքնարժեքից ցածր գնով։ Հավի կերը մեզ վրա թանկ է նստում, այն ներմուծվում է Ռուսաստանից և Ուկրաինայից` ավելացրած ճանապարհածախսն ու հարկերը։ Եթե Ռուսաստանում մեկ տոննա կերը համարժեք է 200 ԱՄՆ դոլարին, ապա այդ նույն կերը Հայաստան է հասնում 400 դոլարով։

Այժմ միջին չափի ձուն արտադրում ենք 50 դրամով։ Իհարկե, քայլեր ենք ձեռնարկում ինքնարժեքն իջեցնելու ուղղությամբ։ Այս պահին, կարելի է ասել, որ մենք անգամ վնասով ենք աշխատում։

Տեղական ձու արտադրող ընկերությունների գործունեությանը շատ է խոչընդոտում դրսից անորակ ձվի ներմուծումը։ Ուկրաինայում զինվորների համար վաթսուն օրը մեկ ձուն պահեստավորվում է, ու երբ լրանում է այդ 60 օրը, նրանք մակնշում են ձուն և վաճառում Հայաստանին, մենք էլ ուրախանում ու ասում ենք, թե դրսից ներմուծված ձուն էժան է։

-Եթե արտերկրից Հայաստան ձու չներկրվի, արդյո՞ք տեղական արտադրողները կարող են բավարարել սպառողի պահանջարկը։

-Այո, կարող եմ վստահեցնել, որ հարյուր տոկոսով կարող է։

-Տեղյակ եմ, որ “Արզնի” ընկերությունը զբաղվում է նաև տավարաբուծությամբ և խոզաբուծությամբ։ Ի՞նչ ծավալներով է դա իրականացվում և որտեղի՞ց կարելի է ձեռք բերել Ձեր ընկերության մսամթերքը։

-Այո, մեր ընկերությունն անասնապահության բնագավառում Հայաստանում առաջինն է։ Ողջ շուկան ողողված է մեր արտադրանքով։ Կարող եմ փաստել, որ մեծ մասամբ նաև մեր շնորհիվ Ամանորի նախաշեմին մսամթերքի թանկացում տեղի չունեցավ։ Նշեմ նաև, որ մեր մսամթերքն արտահանվում է Վրաստան։

Այժմ մենք կառուցում ենք բարձրորակ արտասահմանյան սարքավորումներով հագեցած անասնամորթի հզոր արտադրամաս, որի ավարտը կլինի մոտ երկու ամիս անց։ Այնտեղ կկազմակերպվի անասունի մորթը, վերամշակումը և փաթեթավորումը, որից հետո մսամթերքը վաճառքի կհանվի։

-Թեպետ ունեցել եք մեծ դժվարություններ, սակայն կարողացել եք հաղթահարել դրանք և այժմ էլ նոր ծրագրեր եք իրականացնում։ Ո՞րն եք համարում ընկերության հաջողության գրավականը։

-Հետևողականությունը, պայքարը և աշխատասիրությունը։ Թռչնաբուծությունն ու անասնապահությունը ռիսկային բիզնեսներ են, որոնք չես կարող կանգնեցնել ու սպասել՝ երբ հարմար լինի, այդ ժամանակ աշխատեցնես, քանի որ կենդանիներին ամեն օր պիտի կերակրես։ Բոլոր դժվարությունների հետ մեկտեղ պիտի ունենանք մեր տեղական արտադրանքը, սովորենք և օգտվենք դրանից։

-Ձեր կարծիքով տեղական արտադրողի համար երկրում բավարար պայմաններ ստեղծվա՞ծ են։

-Ոչ, երկրում ստեղծված չեն այնպիսի պայմաններ, որ գործարարը նորմալ աշխատի և հանգիստ լինի։

-Իսկ ինչպիսի՞ փոփոխություններ պետք է արվեն տեղական արտադրանքի խթանման ուղղությամբ։

-Դրսից ներմուծվող արտադրանքը հարվածում է տեղական արտադրողի գործունեությանը։ Պիտի նվազեցնել դրանց ծավալները։ Այսօր տեղական արտադրողն ամբողջ օրը զբաղված է հարկերի, վարկերի վճարումներով։ Ես հույսեր եմ կապում նոր կառավարության հետ՝ հնարավոր է ամեն ինչ դեպի լավը ընթանա։

-”Արզնի”-ն զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ։ Կպատմե՞ք այդ մասին։

— Երբեմն հարցնում են՝ ինչու՞ շատ կաթնամթերք չեք արտադրում, պատասխանում եմ, որ արտադրում ենք այնքան, որքան կաթ ենք ստանում։ Ունենք չորս անասնաբույժ, որոնք հետևում են կովերի սանիտարական և առողջական վիճակին, ուստի վստահաբար արտադրում ենք որակյալ կաթնամթերք։ “Արզնի կաթ”-ն ունի շուրջ 15 անուն տեսականի։

-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում։

— Այժմ աշխատում ենք Հայաստանում ստանալ տավարի նոր ցեղատեսակ, որը կունենա բարձր արտադրողականություն և կհարմարվի հայաստանյան բնակլիմայական պայմաններին։

-Պարո’ն Ջանվելյան, երկար տարիներ է՝ անձնվիրաբար աշխատում եք, ի՞նչն է Ձեզ ուժ տալիս։

-Ինձ ուժ է տալիս իմ հայրենիքը, սերը ժողովրդիս ու ընտանիքիս հանդեպ։

-Արդյո՞ք այսօրվա Հայաստանը Ձեր երազած հայրենիքն է։

-Ոչ, սա չէ իմ երազած հայրենիքը, բայց ես լավատես եմ ևգիտեմ, որ հեռու չէ այն օրը, երբ ապրելու ենք իմ երազած ծաղկուն Հայաստանում։ Շատ եմ ափսոսում, երբ տեսնում եմ, որ մարդիկ հեռանում են երկրից, դա ինձ շատ է մտահոգում։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Ունեմ երկու տղա, մեկ դուստր և յոթը թոռ։ Նրանք իմ հարստությունն են։ Ջանվելյանների տոհմն ունի 300-ամյա պատմություն։ Երջանիկ եմ, որ իմ 95-ամյա մայրը մինչ օրս մեր կողքին է։

-Ինչպե՞ս եք դաստիարակել Ձեր զավակներին։

-Նրանք միշտ իմ կողքին են եղել ինչպես աշխատանքում, այնպես էլ տանը, ինչ տեսել են, այն էլ ընդունել են։

-Եթե կյանքը Ձեզ նորից տրվեր, ինչպե՞ս այն կվերապրեիք։

-Նույն կերպ. կհաղթահարեի նույն դժվարություններն ու բարդությունները, կանցնեի կյանքի նույն հորձանուտների միջով։ Ունեմ 50 տարվա աշխատանքային փորձ, 15 տարեկանից անասնապահ եմ եղել, իսկ 16 տարեկանում արդեն որպես լավ անասնապահ մրցանակ եմ ստացել, բանվորից սկսել եմ ու բարձր պաշտոններ եմ ձեռք բերել։ Բարդ ու դժվար է եղել իմ անցած ճամփան, բայց կարողացել եմ ամեն բան հաղթահարել։ Օրվա 24 ժամը մտածում եմ իմ աշխատանքի մասին։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի
«Դե Ֆակտո» N 96 (2014թ.)