Մարատ Ջանվելյանն իր հիմնական գործունեությանը զուգահեռ, մշտապես հանդես է եկել բարեգործական բազմաբնույթ նախաձեռնություններով նաև գրահրատարակչության ոլորտում: Նրա հովանավորությամբ լույս են տեսել բազմաթիվ հրատարակություններ, որոնք առաջիկայում կներկայացնենք մեր ընթերցողներին:
Մարատ Ջանվելյանի ֆինանսական աջակցությամբ լույս են տեսել…
«Տոհմականչ»
Գիրքը պատմում է հայոց լեռնաշխարհում բնակվող աշխատավոր ու հայրենասեր մի տոհմի Ջանվելյանների մասին, որոնք շուրջ երեք հարյուր տարի առաջ Արցախի բարձունքներից տեղափոխվելով Նոյեմբերյանի Կոթի գյուղ արմատ են գցել այնտեղ, ճյուղեր տվել, սաղարթավորվել։ Ջանվելյանների տոհմածառը այսօր հզոր մի կաղնի է, որ շառաչում է ժամանակի քամիների մեջ ի փառս իր արյան ու իր աշխարհի։
«Մարտնչող լեռնահովիտ»
Փաստագրական վեպ, «Արայի լեռ փրինթ» ՍՊԸ, 2006: Նկարիչ` Գրիգոր Մարիկյան:
Գիրքը պատմում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի 1991–1994 թթ ինքնապաշտպանության մասին՝ հիշարժան դեպքերով ու դեմքերով, հանգամանքների խոր վերլուծությամբ։Նրա Էջերից ը
նթերցողը կիմանա, թե ադրբեջանական բնակավայրերով շրջապատված լեռնագյուղի տղամարդիկ ինչպիսի հերոսությամբ Էին մարտնչում իրենց ծննդավայրի պահպանության համար։
Այս վեպը պատերազմական իրադարձություններին նվիրված չորրորդ գիրքն Է։
«Գնչուհի Լելան»
Եդեմական հովտի լեգենդը
Նամակ ընկերոջս՝ Մարատ ՋԱՆՎԵԼՅԱՆԻՆ
Մարատ, եղբայրս.
Կա հրաշալի մի հովիտ, որ չի նշված աշխարհի ոչ մի քարտեզի վրա, ոչ մի հանրագիտարանում։
Նրա անտառներն ու ծաղկաշունչ բացատները լցված են ալեբաշ նժույգների արծաթե խրխինջներով, և մաքուր ջրերում ձկները խենթանում են խոշոր աստղերի շքեղ արտացոլանքից։
Վայրի վարդերը փորձում են իրենց զորեղ բուրմունքը հասցնել երկնքի թռչուններին, որոնց նվագուն թևերից ասուպների կայծկլտում փոշի է մաղվում երկրի վրա։
Դա պատանության հովիտն է՝ ափեափ լցված առաջին սիրո մեղեդիներով։ Ես ու դու միասին ապրեցինք այդ հովտում, շնչեցինք նրա բուրավետ օդը, հիացանք բաց հորիզոնների պայծառությամբ։
Առաջին սիրո այդ աստղացոլ օրերին դու էիր այս պատմության միակ վկան։
Եվ անցան տարիներ։ Բազում տարիներ։ ժամանակը ձյան դրեց մեր քունքերին, տառապանքի հողմեր տարավ մեր հոգիներով, բայց չկարողացավ մեր մեջ կործանել այն հրաշալի հովտի ձայներն ու պատկերները։
Ասացիր՝ պիտի գրես, ու ես գրեցի։ Եվ ահա հրատարակում եմ ավելի քան 35 տարի անց։
Եվ ու՞մ՝ ինչպես հասկացնենք, որ այս պատմությունը քննադատների համար չէ, այլ առաջին սիրո շունչն ու բուրմունքը մինչև ծերություն ներսում պահպանող ուժեղ հոգիների։
Եվ սիրով քեզ եմ նվիրում այն՝ որպես մեր պատանության երանելի հովտից հրաշքով փրկված վայրի մի վարդ…
Եղբայրդ` Իգնատ Մամյան